Изображение

Մորական տատս բնիկ չենգիլերցի էր, որտեղից, իր խոսքով, անմահական մի աղբյուր էր հոսում ու բժշկում բոլոր հիվանդությունները… Համենայնդեպս, երբ տատս ցավ էր ունենում, Չենգիլերի ջուրն էր երազում, ու ձեռքերը ծնկներին խփելով՝ անձայն մրմնջում.«Դուն ինչ գիտես՝մենք ինչ կորցրինք»:

Երբ ցավը խառնվում էր կարոտի հետ, անթաքույց հպարտությամբ պատմում էր մեզ իրենց «հարստությունների» մասին, ասում էր, գյուղում ունեին Անարծաթ Հովհ.վարդապետի մատուռ ուխտատեղին: Պատմում էր, որ իրենց վարդապետը հեռու-հեռավոր Երուսաղեմից էր եկել , իր շուրջն էր համախմբել սկզբում Չենգիլերը, հետո՝ հարևան հայաբնակ գյուղերը: Գյուղի ու եկեղեցու պահապանն էր, անշահախնդիր մարդ, որը դրամը երբեք ձեռքը չէր վերցնում ու հենց այդ պատճառով ժողովուրդը նրան կոչել էր «Անարծաթ» :Սիրված ու հարգված էր մինչև խոր ծերություն , ու թեև հետևորդներ ուներ բազմաթիվ գյուղերում, այդուամենայնիվ, վերջին փափագն էր թաղվել Չենգիլերի գերեզմանատանը: Մի օր հրավեր է ստանում Մեծ Նոր Գյուղից , ճանապարհին՝ Օրթա գյուղից անցնելիս, ձիուց վայր է ընկնում և վախճանվում: Երբ լուրը հասնում է Մեծ Նոր Գյուղ, շտապում են դիակը փոխադրել գյուղ, սակայն Օրթագյուղի բնակիչները ընդդիմանում են ՝ առարկելով , որ վարդապետը իրենց հողի վրա է մահացել , ուստի պիտի իրենց գյուղում ննջի…Նորգեղցիները ոչ մի կերպ չեն համաձայնում, առարկելով, թե վարդապետն իրականում նպատակ է ունեցել Մեծ Նոր Գյուղ հասնել, ու նրա վերջին հանգրվանն էլ հենց այստեղ պետք է լինի: Հետզհետե վիճաբանությունը թեժանում է, վերածվում ծեծկռտուքի, ու մինչ երկու հարեւան գյուղերը կռիվ են տալիս իրենց «ճշմարտությունն» ապացուցելու համար, չենգիլերցի երիտասարդները հասնում են դեպքի վայր ու փախցնում վարդապետի դիակը: Կռվողները մնում են ապշահար ,բայց արդեն ուշ էր…Համառ չենգիլերցիները Անարծաթի դին գյուղ են բերում, պատշաճ կարգով հողին հանձնում, հետո էլ հերթով պահակ են կանգնում գերեզմանի կողքին, մինչև կկառուցվի քարաշեն մատուռը… Հարևան գյուղացիներն էլ հետզհետե համակերպվում են կատարվածի հետ, բայց՝ չեն մոռանում ու տատուս համագյուղացիներին այդուհետ «գող չենգիլերցի» են ասում…

Այս պատմությունը հիշելիս տատիս դեմքը զարմանալիորեն պայծառանում ու աշխուժանում էր…չգիտեմ՝իր երիտասարդության, գյուղի պարծանքի ,թե հեռվում մնացած «Անարծաթի» համար….